Հայաստանը նոր Ընտրական օրենսգրքի կարիք ունի, եւ նման պահանջ են առաջ քաշում նաեւ արտախորհրդարանական ուժերը: Այս մասին հոկտեմբերի 26-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ հիշեցնելով, որ իրենք հանդես են եկել խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ ԸՕ բարեփոխումների նախագիծը կրկնակի քննարկելու համար:

Նրա խոսքով՝ դեռեւս 2017 թվականին «Ծառուկյան» դաշինքի ծրագրում ամրագրված էր, որ նրա ներկայացուցիչները համամասնական ընտրական համակարգի կողմնակիցն են: Էնֆիաջյանը հիշեցրեց, որ երկուշաբթի հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ: «Մենք Ընտրական օրենսգրքի բովանդակային քննարկման եւ դրական քաղաքական եզրակացության հույս ունենք»,- պարզաբանեց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին ԱԺ-ն Ընտրական օրենսգրքում կատարված լրացումներն առաջին ընթերցմամբ չի ընդունել: