Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանը ուրբաթ օրը չի կարողացել ներկա գտնվել «Մոլիեր» ներկայացման պրեմիերային։ Լրագրողներին այս մասին հայտնել է թատրոնի բեմադրող-ռեժիսոր Սերգեյ Վինոգրադովը։

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը երկու շաբաթ առաջ հոսպիտալացվել է։ Նրա ընկեր Արթուր Սողոմոնյանն ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ դերասանն առողջանում է, նրան այս շաբաթվա վերջին դուրս կգրեն։  

Ուրբաթ թատրոնում կկայանա Միխայիլ Բուլգակովի մոտիվներով «Մոլիեր» ներկայացման պրեմիերան, որի բեմադրումը նվիրված է Ջիգարխանյանի ծննդյան օրվան։

«Ցավոք, Արմեն Բորիսովիչը չի գա։ Մինչեւ վերջ հուսով էինք, որ կգա, բայց նման հնարավորություն չկա։ Ես նրա հետ խոսել եմ, նրան էլի որոշ պրոցեդուրաներ է պետք անցնել։ Գումարած՝ «Լենկոմ» թատրոնի ողբերգական իրադարձությունները, որոնց համար եւս նա խորը ապրումներ ունի»,- ասել է Վինոգրադովը։

Նա նշել է, որ Ջիգարխանյանը դերասաններին հաջող աշխատանք է ցանկացել, քանի որ նրա համար շատ կարեւոր է այս ներկայացումը։