Ֆրանսիայի կրթության նախարար Ժան Միշել Բլանկերը հայտարարել է, որ Ֆրանսիայի իշխանությունները աշակերտների ագրեսիայի ավելացման ֆոնին երկրի կրթական հաստատություններում անվտանգության բարձրացման համալիր ծրագիր են մշակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Europe 1 ռադիոկայանին:

Նախարարի խոսքով, ծրագիրը նախատեսվում է հանրությանը ներկայացնել հոկտեմբերի 30-ին:

Ավելի վաղ՝ ուրբաթ, ներքին գործերի նախարար Կրիստոֆ Կաստաները, արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն եւ կրթության նախարար Ժան-Միշել Բլանկերը հանդիպում էին անցկացրել, որի ընթացքում քննարկել էին երկրի կրթական հաստատություններում անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումները: Հանդիպումը տեղի էր ունեցել ուսուցիչների նկատմամբ աշակերտների հաճախակի դարձած հարձակումների ֆոնին: Այսպես, անցյալ շաբաթ սոցցանցերում եւ մամուլում Կրետեյ քաղաքի լիցեյից տեսանյութ էր հայտնվել, որում աշակերտը գնդակներով լիցքավորված ատրճանակով սպառնում է ուսուցչուհուն: Երկրի հյուսիսում անցյալ հինգշաբթի մի քանի ժամով ձերբակալվել էր լիցեյի 4 աշակերտ, քանի որ հոկտեմբերի սկզբին նրանք «ոչ իսկական» ատրճանակով ուսուցիչներին սպառնացել էին:

Նախարարը հիշեցրել է, որ ուրբաթ օրվա արդյունքներից հետո Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կաստաները չի բացառել դպրոցներում ոստիկանների տեղակայման հնարավորությունը: Բլանկերը նշել է, որ խոսքը միայն առանձին դեպքերի մասին է, այլ ոչ թե երկրի բոլոր ուսումնական հաստատությունների:

Բլանկերը հայտնել է, որ կառավարության ծրագիրը նախատեսում է առաջին հերթին փոփոխել կրթական հաստատությունների ներքին կանոնադրությունը եւ աշակերտների ագրեսիվ վարքագծի վերաբերյալ նոր հրահանգներ ստեղծել:

Երկրորդ՝ երկրի իշխանությունները պատրաստվում են օժանդակել այն հաստատություններին, որտեղ խախտվել է կրթական գործընթացի կարգը: Խոսքը, մասնավորապես, «արագ արձագանքման թիմերի» ձեւավորման մասին է, որոնք արդեն գոյություն ունեն երկրի մի շարք «առաջադեմ» դպրոցներում: