Թուրքիան Ստամբուլում Սիրիայի հարցով քառակողմ գագաթաժողովի մասնակիցներին պատմել է սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննության ընթացքի մասին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք քննարկել ենք այս թեման, եւ այսօրվա երկկողմ բանակցությունների ժամանակ ես իմ գործընկերներին փոխանցեցի հետաքննության ընթացքի մասին անհրաժեշտ տեղեկությունները», - ասուլիսի ժամանակ ասել է Էրդողանը:

Նա հիշեցրել է, որ Անկարան լրագրողի սպանության մեղադրյալներին ցանկանում է Թուրքիայում դատել: «Նախեւառաջ կա 18 բանտարկյալ, որոնք եկել էին մեր երկիր: Ո՞վ էր նրանց ուղարկել այստեղ: Այս հարցին պետք է պատասխանեն Սաուդյան Արաբիայի իշխանությունները:

Նրանք ասացին, որ հանցակից կա, որին իբրեւ թե փոխանցել են մարմինը: Այդ դեպքում, ո՞վ է նա: Նա ով հայտատարել է այս մասին, պետք է ասի, թե ով է այդ հանցակիցը: Մենք Սաուդյան Արաբիային այդ 18 մարդուն մեզ փոխանցելու մասին պաշտոնական առաջարկություն ենք արել: Եթե նրանք չեն կարողանում ինքնուրույն հետաքննել այդ գործը, մենք ինքներս կանենք այդ», — հավելել է նա:

Էրդողանի խոսքով, կիրակի Թուրքիա պետք է ժամանի Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը:

Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջին, որը Washington Post թերում որպես տեսաբան էր աշխատում եւ 2017-ից բնակվում էր ԱՄՆ-ում, հոկտեմբերի 2-ին Թուրքիայում անհետացել էր այն բանից հետո, երբ մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենք:

Հոկտեմբերի 20-ի գիշերը Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները տարածեցին երկրի գլխավոր դատախազի հաղորդագրություն այն մասին, որ նախնական տվյալների համաձայն, Խաշոգջին մահացել է եւ նրա մահն առաջացել է հյուպատոսական անձնակազմի հետ վիճաբանության արդյունքում: