«Ռոսկոսմոսը» կզբաղվի Լուսնի իրացման համար նոր գերծանր հրթիռի մշակմամբ՝ տեղեկացնում է Лента.ру-ն։

Այդ մասին շաբաթ օրը Twitter-ի իր էջում հայտարարել է նշված հաստատության ղեկավար Դմիտրի Ռոգոզինը։

«Ռոսկոսմոսի» կոնստրուկտորական բոլոր խմբերը կմասնակցեն գերծանր դասի հրթիռի ստեղծմանը, որի օգնությամբ Ռուսաստանը կսկսի Լուսնի հետազոտման եւ իրացման ծրագիրը»,- գրել է Ռոգոզինը։

Սեպտեմբերին Ռոգոզինը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի մասնակցի Լուսնի մերձակայքում կայանի ստեղծման հետ կապված ամերիկյան ծրագրին։

Ավելի վաղ, երբ զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը, Ռոգոզինը բազմիցս խոսել է Լուսնի ուսումնասիրման անհրաժեշտության մասին։ 2016թ․ հայտնի դարձավ, որ ՄՏԿ-ի գործընկեր երկրները սկսել են Լուսնի մերձակայքում միջազգային հարթակի ստեղծման աշխատանքները, որը կարող է հեռավոր տիեզերքի իրացման առաջին քայլը լինել։