Անհայտ տղամարդը կարմիր ներկով նկարել է բռնակալ Ֆրանսիսկո Ֆրանկոյի (1892-1975) գերեզմանին, որը Իսպանիայի մայրաքաղաքի մոտ գտնվող Մեռյալների հարթավայր կոչվող հուշահամալիրում է՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է տղամարդը մոտենում գերեզմանին, մի կողմ է հրում գերեզմանաքարին դրված ծաղիկները եւ ներկով մեծ աղավնի նկարում, որի կողքին էլ «Ազատության համար» գրառում կատարում։
Շուտով տղամարդը ձերբակալվել է համալիրի անվտանգության ծառայության կողմից։ «Ես դեմ չեմ Իսպանիայի միասնությանը, բայց Ֆրանկոն մեծ թվով մարդկանց է սպանել»,- ասել է օրինախախտը։
Վերջին ամիսներին բռնակալի անձին թագավորությունում հատուկ ուշադրություն են դարձնում այն բանից հետո, երբ երկրի նախարարների խորհուրդը հավանության է արժանացրել Ֆրանկոյի պատմական հիշատակի եւ Մեռյալների հարթավայրից նրա արտաշիրիմումի մասին օրենքում փոփոխությունների դեկրետը։ Նրա աճյունի տեղափոխման ստույգ ամսաթիվ չի նշվում, սակայն իշխանությունները ծրագրում են մինչեւ տարվա վերջն իրականացնել դա։
Ավելի վաղ Մադրիդն ընդգծել էր, որ թույլ կտա Ֆրանկոյի ընտանիքն ինքը տեղ գտնի նրան վերահուղարկավորելու համար։ Թոռները հայտարարել են, որ իրենց պապին ուզում են հուղարկավորել Մադրիդի կենտրոնական թաղամասում գտնվող Ալմուդեն տաճարի գավթում։
Ֆրանկոն Իսպանիան ղեկավարել է 1939-1975թթ․։ Նա մահացել է 82 տարեկան հասակում՝ սրտի կաթվածից։ Հուշահամալիրը, որտեղ թաղված է բռնակալը, կառուցվել է 1940թ․՝ նրա իսկ հրամանով՝ քաղաքացիական պատերազմում զոհվածների հիշատակին։ Մեռյալների հարթավայրի շինարարությունը, որ ավարտվել է 1958թ․, իրականացրել են բանտարկյալները։


























