Աֆղանստանի կառավարությունը վերահսկում է երկրի տարածքի կեսից մի փոքր ավելին: Այս մասին է վկայում հինգշաբթի ԱՄՆ-ի Աֆղանստանի վերականգնման հարցերով գլխավոր տեսուչի հրապարակած զեկույցը:
Այդ տվյալների համաձայն, հուլիսի վերջին աֆղանական ուժայինները վերահսկում էին երկրի բոլոր շրջանների 55,5 տոկոսը, հաղորդում է dw.com-ը:
Միաժամանակ ավելացել է Աֆղանստանի շրջանների թիվը, որոնք չեն վերահսկվում ոչ կառավարության, ոչ իսլամական արմատական «Թալիբան» շարժման կողմից: Նրանց թիվն ավելացել է 10-ով՝ հասնելով 132-ի: Արդյունքում Աֆղանստանում ոչ ոքի կողմից չվերահսկվող տարածքը կազմում է երկրի մակերեսի 32,4 տոկոսը:
Բոլոր շրջանների մոտ 12 տոկոսը թալիբների վերահսկողության տակ է (հուլիսի վերջի տվյալներով 407-ից 49-ը): Մայիսին մոջահեդներին ենթակա շրջանները 59 էին:
Աֆղանական ուժային կառույցները բավականաչափ համալրված չեն, միեւնույն ժամանակ զինյալները ուժեղացնում են աֆղանական կառավարության օբյեկտների վրա հարձակումները, նշվում է զեկույցում:




























