Հայաստանի 100 դպրոցներում կներդրվի «Կլիմայական արկղիկ» նախագիծը, որի օգնությամբ երեխաները կկարողանան անհրաժեշտ գիտելիքներ ստանալ կլիմայի փոփոխությունների մասին եւ այն մասին, թե ինչ կարող է եւ պետք է անի ամեն մեկը շրջակա միջավայրի պահպանման համար։ Այս մասին NEWS.am–ին պատմել է «Կլիմայական արկղիկ» նախագծի տարածաշրջանային խորհրդական Յուլյա Դոբրոլյուբովան։

Նա նշել է, որ նախագիծը մշակվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ։ Նախագծի շրջանակներում  հրատարակվել Է «Կլիմայական արկղիկ» խորագրով նյութերի շարք, որոնք հնարավոր կլինի օգտագործել ինչպես դպրոցական դասերի, այնպես էլ արտադասարանական միջոցառումների ժամանակ։

«Սա կլիմայի թեմայով յուրահատուկ հանրագիտարան է՝ գունազարդ ու պայծառ, դրանում հետաքրքիր լուսանկարներ, գրաֆիկներ, քարտեզներ, շատ հետաքրքիր փաստեր կան։ Ամեն աշակերտ այս արկղիկում ինչ–որ հետաքրքիր բան կգտնի»,–շեշտել է փորձագետը։

«Կլիմայական արկղիկն» արդեն ներդրվել է հարյուրավոր ռուսական դպրոցների ծրագրերում, այժմ նախագծի շրջանակներում հրատարակվում է հավաքածուի ադապտացված տարբերակը տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։

Ադապտացված տարբերակը պարզապես թարգմանված չէ այն երկրի լեզվով, որտեղ այն ներդրվելու է, այլեւ ավելացվել են այնպիսի նյութեր, որոնք արդիական են տվյալ երկրի համար, ինչպես նաեւ այդ երկրում գործունեություն ծավալող մանկավարժների համար ներառված են խորհուրդներ այն մասին, թե ինչպես կարելի է կլիմայի փոփոխության թեման արդյունավետ ընդգրկել դպրոցական ծրագրում։

«Կլիմայական արկղիկի» հայերեն տարբերակը գրեթե պատրաստ է. այն ադապտացրել են տեղի փորձագետները, եւ մոտ ապագայում այն հնարավոր կլինի ներդնել տեղական դպրոցների ծրագրերում։ Սկզբում պիլոտային նախագծով կմասնակցեն 10 հայկական դպրոցներ, եւ եթե նախագիծը հաջող լինի, այն կտարածեն նաեւ այլ դպրոցներում։

Մոսկվայի համալսարանի փորձագետ Սերգեյ Դոբրոլյուբովը պնդում է, որ կլիմայի փոփոխության խնդիրն այսօր, առավել քան երբեւէ, արդիական է, եւ վերաբերում է առանց բացառության բոլորին:

«Մենք տեսնում ենք, թե վերջին տասնամյակներին ինչպես են փոխվել կլիմայական պայմանները շատ տարածաշրջաններում. դա ե´ւ սառցադաշտերի կրճատումն է, ե՛ւ շոգի ալիքներն են, որոնք տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ են դարձել, եւ´ հաճախակի դարձած ջրհեղեղներն են, ե՛ւ անտառային հրդեհները: Իրավիճակը շատ վտանգավոր է. մենք կագնած ենք ջերմաստիճանի՝ 1,5 աստիճան բարձրացման շեմին՝ այդ ժամանակ արեւադարձային խութերի դեգրադացում կընթանա, օվկիանոսի մակարդակը մեկ մետրով կբարձրանա եւ կհեղեղի շատ առափնյա քաղաքներ, եւ ջրհեղեղները մի քանի անգամ ավելի հաճախակի կդառնան, քան հիմա», - հավելել է փորձագետը:

Մոլորակի կլիմայի փոփոխություններում հիմնականում մեղավոր է հենց մարդը, իսկ խնդրի լուծման համար, ըստ փորձագետի, լուրջ միջազգային ջանքեր են հարկավոր:

Միջազգային պայմանագրերը (օրինակ, մթնոլորտ ածխածնի արտանետումները կրճատելու մասին) չափազանց կարեւոր են, բայց պակաս կարեւոր չէ, որ յուրաքանչյուր ոք տեղում ավելի «բարեկամական» վերաբերվի շրջակա միջավայրի հանդեպ.

Մարդկանց այս ամենին հարկավոր է սովորեցնել մանկուց, որպեսզի մեծանա սերունդ, որը կգիտակցի շրջակա միջավայրի համար իր պատասխանատվությունը եւ իրենից կախված ամեն ինչ կանի դրա պահպանության համար: