ԱՄՆ Վաշինգտոն նահանգում 84 տարեկան հասակում մահացել է Մարիո Սեգալեն, ում պատվին անվանել էին ճապոնական Nintendo Super Mario հանրահայտ խաղի հերոսին՝ տեղեկացնում է Daily Mirror-ը։
Ըստ լրատվության Մարիոն մահացել է դեռեւս հոկտեմբերի 27-ին՝ ընտանիքի անդամներով եւ մտերիմ ընկերներով շրջապատված, սակայն այդ մասին միայն հիմա է տեղեկացվում։ Մարիո Սեգալեն 4 զավակ եւ 9 թոռ ունի։
Nintendo-ն իր խաղի հերոսին անվանել է ԱՄՆ-ում իտալական ծագմամբ կառուցապատողի անունով, ումից ընկերությունը 1980-ականներին գրասենյակ է վարձակալել։ Սեգալեն դեմ չի եղել, որ խաղի հերոսն իր անունը կրի։
Փետրվարի 1-ին ճապոնական ընկերությունը հայտարարել էր, որ իր ամենահայտնի տեսախաղի մոտիվներով մուլտֆիլմ է մտադիր նկարահանել։ 2016թ․, երբ օլիմպիական դրոշը Ռիո Դե Ժանեյրոյից Տոկիոյին էր փոխանցվում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հանրությանը ներկայացավ Սուպերմարիոյի համազգեստով։


























