Ամերիկացի Շոն Քենեդին գտել է կայանման համար չվճարելու միջոցը՝ օգտագործելով Tesla ավտոմեքենաներում Summon գործառույթը՝ տեղեկացնում է Лента.Ру-ն։

Քենեդին իր մանեւրի տեսանյութը տեղադրել է Twitter-ում։

Տղամարդը պարզաբանել է, որ Վիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքում վերջերս վճարել է կենտրոնում երկու ժամ կայանման համար։ Այժմ, դուրս չգալով գրասենյակից, ամեն երկու ժամը մեկ նա իր ավտոմեքենան տեղափոխում է՝ օգտագործելով Tesla-ի հեռակառավարման հնարավորությունը։ «Մինչ այսօր ես չգիտեի, որ այդ գործառույթն ինձ կարող է պետք գալ»,- ասել է նա։

Tesla-ի հիմնադիրներից Իլոն Մասկը եւս գնահատել է կայանման այդ ձեւը։ Մեկնաբանելով Քենեդիի տեղադրած տեսանյութը՝ նա գրել է, որ շուտով Summon գործառույթի ավելի խելացի տարբերակ կթողարկվի։ Հաջորդ տարի Tesla-ն ինքնուրույն կայանման ազատ տեղ կգտնի, կճանաչի համապատասխան ճանապարհային նշանները եւ կկայանի։