Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով վկա Դավիթ Գրիգորյանին, ով Քննչական կոմիտեի Էրեբունու քննիչների, Էրեբունու ոստիկանապետի, Հատուկ քննչական ծառայության քննիչի վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ է արել, բերման ենթարկվել չի հաջողվել: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 3–ին, սպանության գործով հերթական դատական նիստում, նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ ոստիկանությունից գրություն է ստացվել այն մասին, որ ոստիկանության աշխատակիցներն այցելել են Գրիգորյանի բնակարան եւ պարզել, որ նա բացակայում է քաղաքից։ Դատարանը վկային բերման ենթարկելու պահանջով դարձյալ կդիմի ոստիկանություն։

 Նշենք, որ Գրիգորյանը հոկտեմբերի 22-ի դատական նիստում ցուցմունք է տվել, սակայն նրա հարցաքննությունը դեռեւս չի ավարտվել։ Հոկտեմբերի 29-ին նշանակված դատական նիստին, սակայն  Գրիգորյանը  չէր ներկայացել, ինչից հետո դատարանը նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել:

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ նախաքննության ընթացքում պաշտպանության միջոց է կիրառվել։ Նա ի սկզբանե հանդես է եկել «Արմեն Սարգսյան» կեղծանվամբ, ապա ցուցմունքներ տվել նաեւ իր անվամբ: Գրիգորյանը դատարանում հայտնել է, որ «Արմեն Սարգսյան» կեղծանվամբ սուտ ցուցմունքներ է տվել, իրեն նման արարք են ստիպել կատարել Էրեբունու այն ժամանակվա ոստիկանապետ Գեւորգ Հակոբյանը, Քննչական կոմիտեի էրեբունու քննիչներ Գրիգոր Մղդեսյանն ու Գառնիկ Մաթեւոսյանը, «No problem» ավտոտեխսպասարկման կետի տնօրեն Հայկ Պետրոսյանը: Վկան նշել է նաեւ, որ ինքը տեղի ունեցածի մասին պատմել է Հատուկ քննչական ծառայության քննիչ Դավիթ Կոստանդյանին, ով ոչ միայն գործին ընթացք չի տվել, այլ ինքը ենթադրյալ ապօրինություններ է կատարել գործի քննության շրջանակներում:

Նշենք, որ Գրիգոր Մղդեսյանն այժմ աշխատում է Հատուկ քննչական ծառայությունում, իսկ դեպքի ժամանակ քննիչ եղած Գեւորգ Մաթեւոսյանն այժմ Քննչական կոմիտեի էրեբունու բաժնի պետի տեղակալն է:

Հիշեցնենք, որ Եղիշե Խաչատրյանը սպանվել է 2016թ. հուլիսի 4-ին: Գործով մեղադրվում է 5 անձ, որոնցից մեկը՝ Արարատ Նիկողոսյանը մահացել է այս տարվա օգոստոսի 23–ին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի հետ խուլիգանական դրդումներով, միասնական դիտավորությամբ խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն մարմնական վնասվածքներ են հասցրել Եղիշե Խաչատրյանին եւ նրան դիտավորությամբ զրկել են կյանքից: