Այսօր ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մեկնարկել են մարտավարական զորավարժություններ եւ կշարունակվեն մինչեւ նոյեմբերի 10-ը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։
Նա մասնավորպես, նշել է.
«Տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառման նպատակն է կատարելագործել ընդգրկված ուժերի եւ միջոցների մարտական ներդաշնակության մակարդակը, ստուգել զորամասերի մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունն ու նոր հաստիքապաշտոնային կառուցվածքի պայմաններում զորքերի մարտական կիրառման արդյունավետությունը:
Չորս փուլով անցկացվող զորախաղերի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի հրամանատարների եւ կառավարման մարմինների գործնական ունակությունների բարձրացման եւ ժամանակակից մարտում ստորաբաժանումների, զորատեսակների ու ծառայությունների միջեւ նպատակային փոխգործողության իրականացման վրա: Ավարտական փուլում կխաղարկվի «Մխրճված հակառակորդի ջախջախումը, առաջնագծի վերականգնումը, հարձակման զարգացումը եւ բարենպաստ բնագծերի գրավումը» թեմայով մարտական հրաձգությամբ զորավարժություն»:



























