Փարիզից հետո Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հաջորդ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Բուենոս Այրեսում «քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Երաշխավորված է, որ նրանք միասին կհայտնվեն Արգենտինայում մասնակցելու «քսանյակին», ուստի այս իմաստով առավել մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ նրանք Փարիզում կխոսեն հենց այս հնարավորության մասին»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչը հստակեցրել է, որ նրանք նոյեմբերի 11-ին Փարիզում կարճատեւ հանդիպում կունենան՝ «ոտքի վրա», որի ժամանակ կքննարկեն իրենց լիաչափ գագաթնաժողովի օրը:
Պեսկովը չի մեկնաբանել «Կոմերսանտի» հրապարակումն այն մասին, որ Փարիզում 2 առաջնորդների լիաչափ հանդիպումը չեղարկվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դրդմամբ, որը չի ցանկացել, որ այդ գագաթնաժողովը երկրորդ պլան մղեր Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները, որին մասնակցելու համար են նրանք Փարիզ գալու:




























