Առաջիկա ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնական ընտրազանգվածն են գործարարները, որոնք ՀՀԿ գերիշխանության պայմաններում ավելի ձեռնտու վիճակում էին, քան հիմա: Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում հասարակության որ հատվածն է պատրաստ ՀՀԿ-ին աջակցել:

«Կուսակցությունը, որն այդքան երկար ժամանակ գտնվել է քաղաքական «օլիմպոսի» գագաթին, չէր կարող իր համար կայուն ընտրազանգված չապահովել»,- շեշտեց Վիգեն Հակոբյանը:    

Փորձագետի խոսքով՝ այս իմաստով ռեյտինգային ընտրակարգը ՀՀԿ-ին ձեռնտու է, որը թույլ կտա ստանալ այդ կողմնակիցների ձայները:

Վիգեն Հակոբյանը նշեց, որ ամեն ինչ կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպիսի իրավիճակ կստեղծվի:

«Առաջին՝ ՀՀԿ-ի համար կարեւոր է այն մթնոլորտը, որի պայմաններում պետք է ընտրություններն անցկացվեն՝ դա կլինի «սեւ եւ սպիտակ» ուժերի՞ ընտրություն, թե՞ կլինի տոլերանտության մթնոլորտ: Երկրորդ՝ անչափ կարեւոր է, թե նրանք ինչ ծրագրով են պատրաստվում հանդես գալ, եւ որքանով են պատրաստ իրենց անցյալը գիտակցել եւ ընտրողներին ներկայանալ նոր լույսի ներքո»,- շեշտեց փորձագետը:

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2018 թվականի դեկտեմբերի 9-ին, իսկ նախընտրական արշավը մեկնարկում է նոյեմբերի 26-ից: Կուսակցություններն ու դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչեւ նոյեմբերի 14-ը, 18:00: ԿԸՀ-ն նրանց կգրանցի մինչեւ նոյեմբերի 19-ը, 18:00: Նախընտրական արշավը կանցկացվի նոյեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 7-ը: Օրենսդրության համաձայն՝ այն անցկացնելու համար 12 օր է հատկացվել: