Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության համակարգում կադրային մի քանի փոխատեղումներ եւ նշանակումներ կատարելու վերաբերյալ հրամաններ է ստորագրել:

Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գեւորգ Գեւորգյանը փոխադրվել եւ նշանակվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, որը մինչ այդ թափուր էր:

Արագածոտնի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Միլիտոնյանը փոխադրվել եւ նշանակվել է Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազ:

Գեղարքունիքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սարգիս Մնացականյանը փոխադրվել եւ նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ:

Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Ռաֆայել Երիցյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազ: