Ներդրումային միջավայրի բարելավման, հարկային բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, հայկական արտադրանքի արտահանման ծավալների մեծացման, տեղական արտադրողի շահերի պաշտպանության եւ այլ հարցեր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քննարկել է Հայաստանի խոշոր գործատուների և խոշոր հարկ վճարող ընկերությունների ղեկավարների հետ։

NEWS.am-ին կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային ընթրիքի ժամանակ  գործարարները ողջունել են կառավարության տնտեսական քաղաքականությունը, մասնավորապես, Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, այդ թվում՝ եկամտահարկի նվազեցման ուղղությամբ:

Նրանք ընդգծել են, որ հարկային դաշտի պարզեցմամբ՝ կարևոր լուծումներ են տրվում բիզնեսի տարբեր խնդիրներին, ինչը դրական ազդեցություն կունենա երկրում տնտեսության զարգացման և ներդրումային ծրագրերի իրականացման վրա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այն կառավարության առջեւ դրված նպատակները առանց բիզնեսի հաջողությունների իրականություն չեն դառնա և գործադիրը շահագրգիռ է գործարարների հաջողություններով:

Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է բիզնես հանրության հետ ակտիվ երկխոսությունն ու փոխգործակցությունը և հավելել, որ կառավարության քայլերն ուղղված են աշխատանքը և նոր արդյունք ստեղծելը խրախուսելուն, հնարավորություններն առավել հանրամատչելի դարձնելուն:

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ կառավարության գործունեության ընթացքում հարկ վճարողների եկամուտները կավելանան, նրանք կարձանագրեն նոր հաջողություններ և արդյունքում կավելացնեն պետությանը վճարվելիք հարկերը:

Ներդրումային միջավայրի առողջացման առումով նրանք կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ քայլերը և համոզմունք հայտնել, որ դա կնպաստի երկրում տնտեսական ակտիվության բարձրացմանն ու ամրապնդմանը: