Վրաստանում առաջնահերթ օգտագործման ապրանքների գների աճը սկսվել է 2011 թվականի հունվարի 1-ից եւ շարունակվում է մինչ այսօր: Վրացի փորձագետները նշում են, որ երկրում գնաաճն անխուսափելի է, գրում է վրացական «Սամխրեթիս Կարիբջե» պարբերականը:

Հունվար ամսից Վրաստանում առաջին անհրաժեշտության ապրանքները, այդ թվում հացը, ձեթը, շաքարը թանկացել են: Աճել են նաեւ կարտոֆիլի եւ սոխի գները: Ախալցխայի շուկայում կարտոֆիլի գինը 60-70 թեթրիից դարձել է 1,5 լարի (350 դրամ), իսկ սոխի գինը 1,50 լարիից՝ 2 լարի (400 դրամ): Նույնքան էլ թանկացել են գազարն ու կաղամբը:

«Կարտոֆիլը, սոխը, գազարը, բողկը եւ կաղամբը այնպիսի առաջնահերթ ապրանքներ են, որ ուզած չուզած ամենաաղքատ մարդն էլ գնում է, գոնե ինչ որ բան պետք է ուտի չէ՞ մարդը»,- ասում է Ախալցխայի շուկայի վաճառականներից մեկը:

Անաստասիա Ռիկաձեն, 70-ամյա թոշակառու է եւ ստանում է ընդամենը 90 լարի (18 հազար դրամ) թոշակ, այդ պատճառով էլ երբեք շուկա չի գնում, քանի որ օրեր է լինում հաց չի ուտում եւ բողոքում է գներից:

«Ամեն ինչ թանկացել է, բայց թոշակը նույնն է մնացել: Շատ դժվար է գոյատեւել, այսօր իմ ընտանիքը աղքատներից էլ վատ է ապրում»,-ասում է Անաստասիա Ռիկաձեն:

«Ապրանքից բացի, թանկացել է նաեւ նավթը.Վրաստանում ապրելը անհնարին է դարձել»,- նկատում է թերթը: