2018 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին օպերատիվ տեղեկություններ է ստացվել այն մասին, որ «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության պաշտոնատար անձինք թանգարանի հաստիքացուցակում պարբերաբար ընդգրկել  են անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել եւ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են։

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը թանգարանի աշխատակիցներից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդումներ տվել են, համաձայն որոնց 2016 եւ 2018թթ «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ում աշխատանքի ընդունվելու դիմաց կազմակերպության տնօրենը իրենցից գումարներ է ստացել, իսկ 2017թ. նոյեմբեր ամսից մինչեւ 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում կազմակերպության ընթացիկ ծախսերը հոգալու, կոմունալ վճարումները կատարելու պատրվակով պահանջել եւ ստացել է առանձին աշխատակիցների աշխատավարձի գումարները։

Ձեռք բերված օպերատիվ տվյալների եւ նշված հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում ձեռք են բերվել առերեւույթ փաստական տվյալներ առ այն, որ նշված թանգարանի տնօրենը 2006-2018 թվականների ընթացքում նույն կազմակերպությունում տարբեր հաստիքներում աշխատանքի է ընդունել թվով 9 անձանց եւ վերջիններիս աշխատանքի չհաճախելու պայմաններում կազմել բովանդակությամբ կեղծ «Աշխատաժա­մանա­կի հաշվարկի տե­ղե­կա­գրեր»: Դրանցում կեղծ տեղեկութ­յուն­ներ ներառելով նշված ժամանակահատվածում հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու եւ փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ՝ ներկայացրել է վճարման: Արդյունքում այդ անձանց անվամբ նշված ժամանակահատվածում անհիմն դուրս են գրվել ընդհանուր 7․352․400 ՀՀ դրամի աշխատավարձի գումարներ, որոնք տնօրենը, նախապես իր մոտ ունեցած աշխատավարձերի բանկային քարտերով անձամբ ստանալով, օգտագործել  է իր անձնական կարիքների համար:

Միաժամանակ, առերեւույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ տնօրենն իր լիազորությունների շրջանակում վերոնշյալ անձանցից երկուսին «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան»-ում աշխատանքի ընդունելու, նրանց աշխատանքի չհաճախելու հանգամանքն անտեսելու եւ այդ պայմաններում աշխատանքային ստաժ հաշվարկելու համար 2016թ. դեկտեմբեր եւ 2017թ. նոյեմբեր ամիսներին, ինչպես անձամբ այնպես էլ որպես միջնորդ հանդես եկող աշխատակցի միջոցով, պահանջել եւ ստացել է 140․000 ՀՀ դրամ կաշառք:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերեւույթ պարունակում են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, պաշտոնեական կեղծիք կատարելու, կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության հատկանիշներ՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ  հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին որոշում:

Քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: