Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի ոչնչացման հոլովակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի անդամները ոչնչացված շենքում հետախուզական տվյալներ էին հավաքում իսրայելցիների վրա հարձակման իրականացման համար: Հաղորդագրության մեջ ասված է, որ հետախուզության կենտրոնակայանը տեղակայված էր տեղական դպրոցի շրջակայքում:

Վերջին օրերին իսրայելցիները հարվածներ են հասցնում անկլավի տարածքում տասնյակ օբյեկտների՝ ի պատասխան պաղեստինցի գրոհայինների արձակած հարյուրավոր հրթիռների:

Զանգվածային գնդակոծությունների հետեւանքով մեկ մարդ զոհվել է, եւս երկուսը՝ տուժել, որոնք Իսրայելի հարավում Աշկելոն քաղաքում հայտնվել են հրթիռային հարվածի տակ:

Պաղեստինցի գրոհայինների արձակած ավելի քան 300 հրթիռների հետեւանքով տուժածների ընդհանուր թիվը 50-ից անցնում է: