Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 6-7-ը Միլանում կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այս մասին նոյեմբերի 13-ին ճեպազրույցում հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Ի պատասխան հարցին՝ արդյոք ծրագրվո՞ւմ է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդում հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, Աննա Նաղդալյանը նշեց, որ համանախագահների կողմից առաջարկ է եղել հանդիպում անցկացնել մինչեւ տարեվերջ: Հենց հարցը հստակեցվի, արդյունքների մասին կտեղեկացվի, նշեց Աննա Նաղդալյանը:
Դրանից բացի, Զոհրաբ Մնացականյանը կայցելի Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի ԵԽ ԱԳ նախարարների խորհրդին եւ հանդիպումներ կունենա գործընկերների հետ: Դեկտեմբերի 4-5-ը նախարարի պաշտոնակատարը կայցելի Բրյուսել, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների եւ գործընկերների ղեկավարների նիստին:





























