Ինչպիսին պետք է լինի ՀՀ-ում կրթությունը՝ ներառական եւ արդար, եւ այն, ինչ արել ենք այս 6 ամիսներին, միտված է դրան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ որակյալ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին, ոչ թե փոքր խմբերին, որոնք ունեն հնարավորություններ:
«Ինչ ենք ունեցել նախկինում, ունեցել ենք ոլորտի մարդիկ, որոնք առաջնորդվել են բացառապես իրենց անձնական շահերով: Կրթական ոլորտի ղեկավարի գործունեության արդյունքը վատ առումով եղել է այն, որ նրա զավակը գնացել է մասնավոր դպրոց: Դա, ըստ էության, նույնն է, որ մեր Պաշտպանության նախարարի զավակը ծառայի օտար բանակում, դա նույնն է, որ առողջապահության նախարարը մինիմալ առողջապահական կարիքները հոգա օտար երկրներում: Սա է եղել նախկինում մեր կրթության վիճակը, եւ ես ուրախությամբ պետք է ասեմ, որ վեց ամսում հաջողվել է շատ լուրջ քայլեր անել»,-ասաց նա:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ երբեմն որոշ քննադատներ ասում են, որ ապաքաղաքականացումը դարձրել են իրենց հիմնական դրոշակը. «Բա ի՞նչ անենք, եթե ստիպում եք ուսուցչին ընտրությունից ընտրություն նվաստանալ, ընտրություններին՝ կեղծել ու հետո գլուխը կախ գնալ քաղաքացի կրթելու: Պետք է ապաքաղակացնենք կրթությունը, որն անմիջապես ազդում է որակի վրա: Հեգնանքով ասում եք՝ կոռուպցիայի դեմ պայքարն եք դարձրել դրոշակ, բա ի՞նչ պետք անենք՝ դպրոցից, բուհից մկան նման կրող որոշ կազմակերպիչներ չե՞ն ազդում կրթության որակի վրա, բա ի՞նչ են անում»,-ասաց նա՝ հավելելով, որ պետք է նախ այդ ճահիճը չորացնեն, որովհետեւ ճահիճի վրա հնարավոր չէ լուրջ հիմք դնել:




























