Կաթոլիկ եկեղեցու միանձնուհիները դատապարտել են եկեղեցում սեռական հանցագործությունները թաքցնելու սովորությունը եւ սեռական բռնությունների ենթարկված քույրերին կոչ են արել դիմել իրավապահ մարմիններին՝ տեղեկացնում է Associated Press-ը։
Գլխավոր մայրապետերի միջազգային միությունը, որի մեջ ավելի քան 500 քույր է ընդգրկված, հայտարարել է տուժած միանձնուհիներին օգնելու, նրանց համարձակություն ներշնչելու պատրաստակամության մասին, որպեսզի նրանք հայտնեն այդ հանցանքների մասին։
Հայտարարությունն արվել է այս տարի կաթոլիկ եկեղեցու շուրջ սեռական հանցագործությունների մասին աղմկահարույց գործերի բացահայտումից հետո։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում գրել էին, որ Վատիկանը տեղյակ է եղել հոգեւորականների կողմից միանձնուհիներին սեռական բռնության ենթարկելու դեպքերից, սակայն ոչինչ չի ձեռնարկել։




























