Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանն անդրադարձել է այսօր՝ նոյեմբրի 26-ին, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի Թալինում արված հայտարությանը եւ քննադատել այն:

«Այսօր, արդեն նախկին ազատամարտիկ՝ սասուն միքայելյանը իր պատկերացմաmբ կարևոր «պատմական» հայտարարություն է արել, արցախյան ազատամարտում համայն հայության ձեռք բերած հաղթանակը ստորադասելով ներքաղաքական գործընթացներում ունեցած կուսակցական հաջողություններին, ասել է թե հազարավոր հայորդիների թափած արյունը անարգանքի է ենթարկել:

Դիմում եմ իմ բոլոր մարտական և զինակից ընկերներին ՝ Ձեր գիտակցությունից ջնջեք «ազատամարտիկ» սասուն միքայելյանին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սասուն Միքայելյանը «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ Թալինում ասել էր․ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, բայց ես չեմ վարանի ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, որովհետև այն հաղթանակը կատարվեց մեր ազգի քաջորդիների շնորհիվ, այն հաղթանակի արդյունքը պետք է տեսներ մեր հայ ժողովուրդը, սակայն նախկին իշխանությունները թույլ չտվեցին: Մեր ժողովուրդը չհասկացավ մեր հաղթանակի գինը, մեր ժողովուրդը չպատկերացրեց՝ մարդիկ ինչի համար գլուխները դրեցին զոհասեղանին»։