2018թ. նոյեմբերի 21-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ա. Դանիբեկյանի նախագահությամբ, համաներմամբ դադարեցրել է քրեական հետապնդումը Սարի թաղի ցուցարարներ Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի ու Ժորա Ավետիսյանի նկատմամբ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հրաչյա Բոյաջյանի պաշտպան,  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը դատարանի որոշումն ստացել է երեկ՝ նոյեմբերի 28-ին:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կիրառել է «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018թ. նոյեմբերի 1-ին ընդունված ՀՀ օրենքն ու կարճել նրանց դեմ 2016թ. հուլիսին հարուցված քրեական գործը:

Ավելի վաղ՝ 2018թ. հունիսի 26-ին պաշտպանների միջնորդությամբ դատարանն ազատել էր նրանց կալանքից եւ խափանման միջոց կալանքը փոխարինել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով:

Դատախազ Գ. Գեւորգյանը դատարանի այդ որոշումը Հրաչյա Բոյաջյանի մասով բողոքարկել էր վերաքննիչ դատարանում՝ պատճառաբանելով, թե քննության ընթացքի վրա նրա ազդելու եւ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականություն դեռեւս կա: Սակայն 2018թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ա. Նիկողոսյանի նախագահությամբ, մերժել էր դատախազի վերաքննիչ բողոքը եւ փաստել, որ գործի քննությանը խոչընդոտելու հավանակությունը զգալիորեն նվազեցված է:

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը 2018թ. նոյեմբերի 16-ին 150.000 ՀՀ դրամի չափով նյութական վնասի փոխհատուցում էր պահանջել Հրաչյա Բոյաջյանից, Արման Ադամյանից ու Ժորա Ավետիսյանից:

Համաներում կիրառելու որոշման մեջ դատարանն անդրադարձել է նաև ՀՀ Ճանապարհային ոստիկանության վնասի փոխհատուցման հայցադիմումին և որոշել այն թողնել առանց քննության: Դատարանը մեկնաբանել է, որ վնասի փոխհատուցմանը կարող է անդրադառնալ ամբաստանյալների մեղքն ապացուցված լինելու դեպքում, ինչ այս պարագայում առկա չէ:

Դատարանը միաժամանակ պարզաբանել է քաղաքացիական դատավարության կարգով քաղաքացիական հայց հարուցելու հայցվորի իրավունքը: