ՀՀ հատուկ քննչական ծառայությունը միջնորդել է դատարանին ևս երկու ամսով երկարաձգել կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը։

ՀՔԾ–ի միջնորդությունն այս պահին քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ։

Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը կալանավորվել է հոկտեմբերի 9–ին  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանի որոշմամբ։

Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):

Մայրապետյանի պաշտպաններն ահազանգում են, որ իրենց պաշտպանյալը տառապում է այնպիսի հիվանդությամբ, որն անհամատեղելի է կալանքի հետ։ Մայրապետյանի առողջական վիճակի պարզման և գնահատման նպատակով 2018 թ. նոյեմբերի 14-ին նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը մերժել էր ՀՔԾ-ում քննվող քրեական գործով կաշառքի միջնորդության համար մեղադրվող Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված փախանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը։