Քաղաքական եւ հասարակական գործիչները պետք է իմանան, որ ուշադրության կենտրոնում հայտնվելով՝ կոշտ քննադատության կարող են արժանանալ, եւ պետք է հանդուրժող լինեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին հղված իր առաջարկների փաթեթում նշել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ավագ իրավաբան Վասիլի Լուկաշեւիչը:
Հիշեցնենք, Երեւանում նոյեմբերի 23-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ու Հայաստանում Եվրամիության պատվիրակության կազմակերպած՝ «Խոսքի ազատությունը. որտե՞ղ են սահմանները» սեմինար-քննարկմանը հրավիրված էր նաեւ Վասիլի Լուկաշեւիչը։ Թեման ատելության խոսքն էր, եւ ամփոփելով այդ քննարկումները՝ եվրոպացի մասնագետը մշակել է իր առաջարկները։
Ինչպե՞ս Հայաստանում պայքարել ատելության խոսքի դեմ։
Ըստ Վասիլի Լուկաշեւիչի՝ ատելության խոսքը մեծ խոչընդոտ է ազատ ու ժողովրդավար պետության զարգացման համար: Միեւնույն ժամանակ, ատելության խոսքը պետք է տարբերակել ազատ, էմոցիոնալ, երբեմն սադրիչ արտահայտչաձեւերից։ Ազատ խոսքի ու ատելության խոսքի սահմանը բնավ էլ հստակ ու բացարձակ չէ, բայց անհրաժեշտ է հասարակության իրազեկության մակարդակի բարձրացման, քաղաքացիական կրթության եւ մեդիագրագիտության տարածման միջոցով հասնել չափորոշիչների մշակման։
Ըստ փորձագետի՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել երիտասարդության համար իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ ատելության խոսքի պայքարին ներգրավել սոցիալական բանավեճի մասնակիցներին՝ լրագրողներ, բլոգերներ, ակտիվիստներ, «ինտերնետ անձինք»:
Վասիլի Լուկաշեւիչի դիտարկումներով՝ վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական եւ սոցիալական արագընթաց փոփոխություններն ու զարգացումները նպաստել են ատելության խոսքի տարածմանը։ Հետեւաբար՝ մասնագետը խորհուրդ է տալիս հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ակտիվիստներին, քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաեւ իշխանություններին ծանոթանալ ազատ խոսքի եվրոպական չափանիշներին եւ ատելության խոսքի դեմ պայքարի մոտեցումներին։ Նա հղում է կատարում Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի հանձնարարականներին, խրախուսելի է համարում դրանց տարածումը իշխանությունների ու հասարակության շրջանում, ինչպես նաեւ՝ ատելության խոսքին հակազդելու նպատակով 2016 թ. ստեղծված վարքականոնի փորձը, որը մշակվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից եւ ընդունելի է սոցիալական հարթակներում (Facebook, Twitter, YouTube, Microsoft եւ Instagram)։
«...Լրատվամիջոցները պետք է ստեղծեն ատելության խոսքի դեմ պայքարի չափանիշներ, ընդհանուր վարքականոն եւ անհատական ռազմավարություն՝ ատելությամբ լի բովանդակության դեմ պայքարի համար: Անհրաժեշտ է գնալ ինքնակարգավորման՝ հանուն ժողովրդավարական արժեքների»,- նշում է ՄԻԵԴ փորձագետը։





























