Marriott International հյուրանոցային ցանցի 500 միլիոն հաճախորդների տվյալները կարող էին հայտնվել հաքերների ձեռքում՝ տեղեկացնում է BBC-ն՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությունը։
Համակարգի մեջ ներխուժելու առաջին փորձերի մասին տեղեկատվությունը ստացվել էր այս տարվա սեպտեմբերին։ Նոյեմբերի 19-ին ընկերության փորձագետները պարզել էին, որ արտահոսքը կատարվել է ամրագրման Starwood համակարգում։ Ներքին հետաքննությունը ցույց է տվել, որ չարագործները ցանցի հասանելիությունը ձեռք են բերել դեռեւս 2014թ․։
Ընկերությունը մտադիր է այս մասին տեղեկացնել բոլոր նրանց, ում տվյալները եղել են բազայում։
Դեպքերի մեծ մասում տվյալները ներառում են հաճախորդի անունը եւ ազգանունը, հեռախոսահամարը, անձնագրի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, փոստային հասցեն, ծննդյան ամսաթիվը, սեռը, ինչպես նաեւ ժամանման/մեկնման ամսաթվերը։ Որոշ դեպքերում եղել են նաեւ բանկային քարտի համարներ եւ դրանց գործողության ժամկետի մասին տվյալներ։
Մամուլի ծառայության հայտարարության մեջ ասվում է, որ Marriott-ը շատ է ափսոսում դեպքի համար եւ տեղի ունեցածի մասին հայտնել է իրավապահներին։
Starwood համակարգի մեջ մտնում են Sheraton, Le Méridien եւ Four Points առանձին ցանցերը։ Marriott-ը Starwood բրենդը ձեռք բերել 2016թ․՝ 13,6 մլրդ դոլարով։
Marriott International ընկերությունը ստեղծվել է 1927 թվականին, հիմա այն աշխարհի 130 երկրներում միավորում է ավելի քան 6,7 հազար հյուրանոցներ՝ 30 բրենդների անվան ներքո։ Ընկերության եկամուտը 2017թ․ կազմել է 22 մլրդ դոլար։





























