Մոսկվան սպասելու է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հաջորդ հնարավորությանը, սակայն բռնի ոչինչ չի լինի,հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Արգենտինայում կայացած G20–ի ժամանակ նախագահ Թրամփի՝ Պուտինի հետ հանդիպումը չեղարկելու մասին, հաղորդում է РИА Новости–ն։

«Ես չեմ կարող գնահատել նախագահների քայլերը։ Ելնում եմ Թրամփին հատուկ ոճով գրված թվիթի բովանդակությունից, որից աշխարհն իմացավ այդ լուրը։ Կասկածում եմ, որ այդ քայլը կնպաստի մի շարք կարևոր միջազգային խնդիրների լուծմանը։Սակայն, բնականաբար, բռնի ոչինչ չի լինի»,–ասել է Լավրովը։ Ըստ նրա՝ եթե ներքին իրավիճակն ու «Ուկրաինայի և նրա հովանավորների նման ռուսաֆոբների ճնշումները ԱՄՆ նախագահին խանգարում են զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ ի օգուտ որոնց բազմիցս արտահայտվել եմ,ապա կսպասենք նոր հնարավորության»։

Շաբաթ օրը Պուտինի և Թրամփի պլանավորված հանդիպումը չեղարկվել է ամերիկյան կողմից։ Հինգշաբթի օրը պարզ է դարձել, որ Թրամփն այդ որոշումը կայացրել է ԱՄՆ պետքարուղար Մայք Փոմփեոյի, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և Սպիտակ տան վարչակազմի ղեկավար Ջոն Քելլիի հետ զրույցից հետո։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի ու Թրամփի հանդիպումը կանցնի «ոտքի վրա»։

Գագաթնաժողովի ժամանակ պետք է կայանար Պուտինի և Թրամփի հանդիպումը, սակայն ամերիկյան նախագահը չեղարկել է այն Կերչի նեղուցի տարածքում նոյեմբերի 25–ին ուկրաինական և ռուսական նավերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով։