Հույս ունենք, որ Հայաստանի նոր խորհրդարանը եւ կառավարությունն ավելի կառուցողական կլինեն, որ հայ-ռուսական հարաբերությունները կզարգանան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

Պատգանավորը, միաժամանակ, զգուշացրեց երկակի ստանդարտներից եւ նախաձեռնություններից, որոնք հարաբերությունները ճնշում են: «Երբ Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչները ելույթ են ունենում՝ դիմելով ոչ միայն Ռուսաստանին, այլ նաեւ աշխարհի մյուս երկրներին, խոսում են ներդրումների մասին, բայց միաժամանակ հրապարակավ հայտարարում են առաջատար ռուսական կորպորացիաների դեմ  քննության մասին, սա ներդրումների համար վատ ֆոն է ստեղծում: Ես նկատի ունեմ Հարավկովկասյան երկաթուղիները եւ «Գազպրոմը»: Սա հակաբնական է: Եթե դուք ինչ-որ բան եք ուզում եւ նման գործընթացներ եք սկսում»,- նշեց Զատուլինը:

Հարցին՝ հեղափոխությունից հետո մի՞թե հարաբերությունների զարգացում չի եղել, պատգամավորը պատասխանեց. «Եթե դուք ինձ ասեք ինչում, ես շնորհակալ կլինեն: «Հետո» ժամանակահատվածը դեռ չի սկսվել, ասում են, որ այն շարունակվում է, ես այդպես եմ լսել: Այս հեղափոխական ժամանակահատվածում նշում ենք, որ ՌԴ նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ հանդիպումներ անցկացվել են, կարծեմ՝ այս ընթացքում 3-ն է եղել, ոչ ոք չի մերժել հեռախոսով խորհրդակցություն անցկացնելու հարցում: Վարչապետն ու նախագահը շփվում են: Ինչ վերաբերում է մյուս ճեղքումներին, ես անձամբ չեմ տեսնում: Կարծում եմ՝ Հայաստանում ոչ մեկը կասկածի չի ենթարկում դաշնակցային հարաբերությունների անհրաժեշտությունը: Մեզ դա բավարարում է»,- նշեց Զատուլինը՝ հավելելով, որ հարցին Ռուսաստանում նույն կերպ են վերաբերվում: Սակայն պատգամավորը նոր նախաձեռնություններ չի տեսնում. «Տեսնենք, թե ինչ կլինի դեկտեմբերի 9-ից հետո»: