Հին ժամանակներում խորտակված Ատլանտիդա քաղաքի մասին լեգենդները հանգիստ չեն տալիս գիտնականներին։ Նրանցից յուրաքանչյուրը «ստորջրյա թագավորություն» գտնելու երազանք ունի։ Բայց ամեն անգամ այդ որոնումները անարդյունք են ավարտվում։ Ամեն դեպքում մինչեւ վերջերս այդպես էր։ Այժմ անգլիացի հնագետները վստահեցնում են, որ իրենք, իրոք, գտել են Ատլանտիդան՝ տեղեկացնում է Planet Today-ը։
Նման հայտարարությամբ հանդես են եկել անգլիական Merlin Burrows որոնողական ընկերության ներկայացուցիչները։ Գիտնականները վստահ են, որ իրենք չեն սխալվում, քանի որ հիմնվում են ոչ միայն հույն փիլիսոփա Պլատոնի նկարագրության, այլեւ ժամանակակից համակարգերի վրա։ Իրենց աշխատանքում նրանք օգտագործել են Landsat 5, Landsat 8 արբանյակները, ինչպես նաեւ՝ Google Earth-ը։
Հնագետներն ասում են, որ լեգենդար Ատլանտիդան գտնվում է իսպանական ազգային Դոնյան այգու մոտ։ Ավելին, նրանք վստահ են, որ իրենց հաջողվել է գտնել քաղաքի կառույցների ավերակները։
Հետազոտողները խոստանում են այդ մասին փաստագրական ֆիլմ նկարահանել եւ ներկայացնել հանրությանը։




























