Երեւանում, նոյեմբերի 30-ին, խարդախության զոհ է դարձել Երգի պետական թատրոնի երգիչ 31-ամյա Գրիգոր Կյոկչյանը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 20:00-ի սահմաններում, Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում, իրեն անծանոթ Արմենի ցուցումով իր բջջային iPhone XS Max տեսակի հեռախոսը վաճառելու նպատակով փոխանցել է ոմն տաքսու վարորդի, ով իր հերթին պետք է այն փոխանցեր մեկ այլ տղամարդու, ով հետո պետք է իրեն վճարեր 798 հազար դրամ:
Որոշ ժամանակ անց երգիչը հասկացել է, որ ինքը խաբեության զոհ է դարձել ու կատարվածի մասին դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ տաքսու վարորդին եւ մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Աղբյուրի տեղեկություններով, երգիչը ոստիկաններին ասել է, որ նրանցից մեկի անունը Կամո է, մյուսինը՝ Արմեն եւ ինքը իր բջջային հեռախոսը վաճառելու նպատակով հայտարարություն էր տեղադրել List.am կայքում: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:





























