Միացյալ Արաբական Էմիրությունների (ՄԱԷ) անձնագիրն ամենահզորն է՝ ըստ Passport Index-ի, հաղորդում է Лента.Ру-ն:

Միացյալ Արաբական Էմիրությունների քաղաքացիները կարող են ճամփորդել դեպի աշխարհի 167 երկրներ առանց մուտքի արտոնագրի:

«Աշխարհն իր դռներն է բացում ՄԱԷ ժողովրդի առջև», նշել է Twitter-ի իր էջում ՄԱԷ-ի վարչապետ և փոխնախագահ, Դուբայի ղեկավար շեյխ Մուհամեդ իբն Ռաշիդ Ալ-Մաքթումը:

Վարկանիշային աղյուսակը կազմվել է այն երկրների թվի հիման վրա, որոնք անձնագրի սեփականատերը կարող է այցելել առանց մուտքի արտոնագրի կամ մուտքի արտոնագիր ստանալ հենց ժամանման պահին:  

ՄԱԷ ԱԳՆ-ն ավելի վաղ գործարկել է Passport Force նախաձեռնությունը, որը ենթադրում էր, որ այս պետության անձնագիրը 2021 թվականին տեղ կգտնի ամենահզորների հնգյակում: Սակայն արդեն 2016 թվականին այն զբաղեցնում էր ցուցակի 27-րդ հորիզոնականը, իսկ 2018 թվականի հոկտեմբերին դարձել էր 4-րդը, գրում է տեղական The National հրատարակչությունը:

Նոյեմբերին ՄԱԷ-ն ճանաչվել էր զբոսաշրջիկների անվտանգության առումով երկրորդ երկիրը: Առաջին հորիզոնականում էր Իսլանդիան: Փորձագետները վերլուծել են 20 ամենատարածված զբոսաշրջային ուղղությունները՝ հաշվի առնելով հետևյալ չորս չափորոշիչները. հանցագործության մակարդակը, առողջության սպառնալիքը, ահաբեկչության հավանականությունն ու բնական աղետները: