Anonymous խմբավորման հաքերները հրապարակել են բրիտանական Integrity Initiative նախագծի փաստաթղթերի նոր չափաբաժին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Anonymous–ի ներկայացուցիչները հիշեցրել են, որ նոյեմբերին արդեն հանրայնացրել են Integrity Initiative–ի փաստաթղթերի մեծ չափաբաժին։ «Մինչդեռ ոչ կազմակերպությունը, ոչ հովանավորները չեն կատարել մեր պահանջները եւ չեն երաշխավորել, որ կլաստերների ցանցը կօգտագործվի միայն ապատեղեկատվության ռուսական քաղաքականության դեմ պայքարի համար։ Մենք չենք ստացել նաեւ ԵՄ առաջնորդների եւ միջազգային կազմակերպությունների արձագանքը, չնայած շատ երկրներում մարդիկ լուրջ մտահոգություն են հայտնել այդ հարցի առնչությամբ»,–ասված է cyberguerrilla.org կայքում հրապարակված հայտարարությունում։   

Նշվում է, որ Anonymous–ը կշարունակի հրապարակել փաստաթղթերը մինչեւ այն պահը, քանի դեռ Integrity Initiative–ում մանրակրկիտ ուսումնասիրություն չի կատարվել։

Anonymous–ի ներկայացրած նոր փաստաթղթերը կապված են Հունաստանի, Իսպանիայի եւ Գերմանիայի հետ, նրանցից մի քանիսում հիշատակվում է նաեւ Ռուսաստանը։ Մասնավորապես, հրապարակումներում խոսվում է Կատալոնիայի անկախության հանրաքվեում ՌԴ միջամտության կեղծ ապացույցների մասին, որոնք տարածվել են լրատվամիջոցներում ու իսպանացի քաղաքական գործիչների կողմից։

Մյուս տվյալները ներկայացնում է հունական լրատվամիջոցների արձագանքը «Սկրիպալների գործին», ինչպես նաեւ առկա է Հունաստանում ՍԻՐԻԶԱ կուսակցության առաջնորդների որակազրկմանն ուղղված ռուսական գործակալների ազդեցության շուրջ ուսումնասիրություն։