Դեկտեմբերի 3-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գեւորգյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ՍԱՀ փոխվարչապետ, արտաքին գործերի եւ սփյուռքի նախարար Վալիդ ալ-Մուալլիմին (Walid al-Mouallem):

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով Հայաստանի նորանշանակ դեսպանին՝ Վալիդ ալ-Մուալլիմը շնորհավորեց նրան բարձր եւ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ: Փոխվարչապետը հավելեց, որ Սիրիան մեծապես շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ եւ զարգացմամբ:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքի ջերմ խոսքերի համար՝ դեսպան Գեւորգյանը վստահեցրեց, որ Սիրիայում ՀՀ դեսպանի պաշտոնում կներդնի իր ողջ եռանդը երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու եւ բազմաոլորտ համագործակցությունն ընդլայնելու համար:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: