Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵՏՄ անդամ-երկրների ղեկավարների հանդիպմանը կբարձրացնի արգելքների հարցը, որոնք խոչընդոտում են միության սահմաններում աշխատուժի տեղաշարժին եւ առեւտրին՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես կմեկնեմ Պետերբուրգ, որպեսզի Ամանորի նախաշեմին ավանդաբար հանդիպեմ երկրների ղեկավարների հետ եւ, այլ հարցերի հետ մեկտեղ, քննարկեմ կենսական հարցեր։ Եթե խոսենք Ռուսաստանի հետ մեր համագործակցության մասին, ես մի խնդիր ունեմ՝ մենք պայմանավորվել էինք աշխատուժի, կապիտալի, ծառայությունների, ապրանքների եւ այլնի ազատ տեղաշարժի մասին։ Առանց դրա չի կարող ԵՏՄ լինել, եւ նույնիսկ մաքսային միություն չի կարող լինել։ Ինչո՞ւ այն չկա»,- հայտարարել է նա «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ արգելքների վերացման մասին պայմանավորվածություններն ընդգծվել են մի շարք պայմանագրերում, սակայն իրականում դրանք շարունակում են գոյատեւել։