Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել այսօր՝ դեկտեմբերի 4–ին, ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված օդաչուների ընտանիքներին։

«Սրտի խոր ցավով տեղեկացա ՀՀ զինուժի ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի զոհվելու մասին։

Կորուստը չափազանց մեծ է մեր երկրի ու մեր ողջ ժողովրդի համար։ Այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում եմ մեր խիզախ զինվորականների ընտանիքներին, հարազատներին, ընկերներին ու ծառայակիցներին և կիսում նրանց վիշտը»,– ասվում է նախագահի ուղերձում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարեւանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը:

Ավիապատահարի հետեւանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը եւ 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գեւորգի Մանուկյանը: