Փոխգնդապետ Բաբայան Արմենին ճանաչում եմ մոտ տասնհինգ տարի: Ինքնաթիռների վրա թռնող հարյուրավոր օդաչուների առաջին ուսուցիչներից էր, համեստ ու բարձր որակավորում ունեցող, իսկական ինտելիգենտ օդաչու․ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ այսօր ավիաաղետի հետեւանքով զոհված օդաչուի մասին։
Նա հիշատակի խոսք է գրել նաեւ զոհված մյուս օդաչուի՝ մայոր Մովսես Մանուկյանի մասին․
«Մայոր Մանուկյան Մովսեսին գիտեմ նույնքան, նույնիսկ առաջին հայացքից չհավատացի, որ մեր Մոսոն արդեն մայոր է: Մեր Գևի Մոսոն, մեր Գեներալ Աշոտի Մոսոն: Մոսոն մեծացել է աչքիս առաջ, ՄիԳ-երի աննորմալ սուլոցի ներքո, ավիատոր պապի, հոր, մոր ու հորեղբոր ընտանիքում, ավիատորների լեգենդար ընտանիքում: Դպրոցից հետո ընդունվել ավիացիոն, ավարտել գնացել Գյումրի, միասին օրերով խոսել ենք, երազել Սու-30-երի մասին:
Որքան ցավ կա մեջս, իմ համար նաև անձնական վիշտ է, սա մեծ կորուստ է բոլորիս համար»:
































