Այս տարվա սեպտեմբերին աշխարհում գործազրկության մակարդակը կազմել է ընդամենը 5,2 տոկոս, ինչը 2,8 տոկոսային կետով ավելի քիչ է, քան 2010 թվականին, եւ հասել է 1980 թվականից ամենացածր ցուցանիշին: Այս մասին հայտնել է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով շվեյցարական UBS բանկի հետազոտությունը:
«Այս պահին Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում գործազրկության մակարդակն ինչպես երբեւէ ցածր է, այն էլ ավելի ցածր է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում,- ասել է Աշխատանքի միջազգային կազմակերպության տնտեսության հարցերով փորձագետ Սանտո Միլազին: - Մոլորակի մեծ մասի համար գործազրկությունը խնդիր չի ներկայացնում, սակայն ստեղծվող աշխատատեղերի որակը շարունակում է ցածր մնալ»:
Պարբերականի տեղեկություններով՝ UBS ֆինանսների հարցերով փորձագետներն ուսումնասիրել են 48 զարգացած եւ զարգացող երկրները, որոնց ընդհանուր ավանդը համաշխարհային արտադրության մեջ հասնում է 84 տոկոսի:
Պարբերականը հայտնում է, որ ԱՄՀ կանխատեսումներով՝ 2018 թվականի վերջին աշխարհի զարգացած երկրներում գործազրկության միջին մակարդակը գրեթե 50 տարում առաջին անգամ կնվազի մինչեւ 5,2 տոկոսի: Ընդ որում՝ ԱՀԿ փորձագետները հանգել են այն եզրակացության, որ այս պետություններում գործազուրկ բնակչության բաժինը կկազմի 5,5 տոկոս, ինչն ավելի շատ է, քան 2007 թվականին:




























