Գերմանիայի Գլխավոր դատախազությունը միացել է Ստրասբուրգի Սուրբ ծնունդի տոնավաճառում տեղի ունեցած հրաձգության հետաքննությանը, կասկածյալ Շերիֆ. Շ.-ի դեմ սպանության, մահափորձի եւ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով գործ է հարուցվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Tagesspiegel թերթում գերատեսչության ներկայացուցչի հարցազրուցին:
Երեքշաբթի երեկոյան անհայտ տղամարդը Ստրասբուրգի Սուրբ ծնունդի տոնավաճառի մոտ հրաձգություն էր սկսել: Վերջին տվյալներով, հրաձգության արդյունքում 3 մարդ մահացել էր, եւս 13-ը՝ վիրավորվել: Կասկածյալը՝ Ստարսբուրգի 29-ամյա բնակիչ Շերիֆ. Շ.-ն, որը իրավապահ մարմիններին հայտնի է բազմաթիվ իրավախախտումներով, հանցագործության վայրից փախուստի էր դիմել: Նրա որունումներին մասնակցում է Ֆրանսիայի իրավապահ մարմինների 720 աշխատակից:
Չորեքշաբթի Ֆրանսիայի ոստիկանությունը պաշտոնապես հրապարակել էր կասկածյալի լուսանկարը: Ավելի վաղ Փարիզի դատախազ Ռեմի Էյթսը հայտնել էր, որ Ստրասբուրգում հրաձգության կասկածյալի քրեական դոսյեում 27 մեղադրական դատավճիռ կա՝ Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում կատարված քրեական գործերով:
«Գլխավոր դատախազությունն այս գործի առանձնահատուկ նշանակության հետ կապված քննություն է սկսել: Մեկ այլ պատճառ էր Սուրբ Ծննդյան շուկայում հարձակման հետեւանքով Գերմանիայի վեց քաղաքացիների վնասվածքները, նույնիսկ եթե նրանք ֆիզիկապես չէին վիրավորվել», - ասել է նա:





























