Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը որոշել է Ստամբուլի 2-րդ ընտրատարածքից  պատգամավորի թեկնածու առաջադրել ստամբուլահայ հայտնի գրող, լրագրող Հայկո Բաղդատին։

 Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  Ստամբուլի մի շարք մտավորականներ հանդիպել են քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիթաշի հետ եւ առաջարկել՝ Ստամբուլի 2-րդ ընտրատարածքից ներկայացնել  հայազգի Հայկո Բաղդատի թեկնածությունը։  Դեմիթաշը դրական է արձագանքել մտավորականների այս առաջարկին եւ այն տեղափոխել կուսակցության խորհրդի նիստ։

 «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության խորհրդի նիստում որոշում է կայացվել, որ անհրաժեշտ է ներկայացնել ոչ միայն հայ, այլ նաեւ Թուրքիայում ապրող այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչների առաջիկա խորհրդարանական ընտություններին։

 Նշենք, որ  Hurriyet Daily News-ը հայտնել էր, թե 2011-ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 7 հայ թեկնածու, որոնցից 6-ը կներկայացնեն քաղաքական կուսակցություններ, իսկ 1-ը կլինի անկախ թեկնածու։

 Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից առաջադրվելու է հայազգի Արեւ Ջեբեջին, ով նշել է, թե պատգամավոր դառնալու դեպքում ինքը կներկայացնի Թուրքիայի շահերը, սակայն առաջին տեղում է լինելու հայ համայնքի խնդիրները։

 Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշը  նշել էր, թե Էրդողանի գլխավորած «Արադարություն եւ զարգացում» կուսակցությունը եւս պատրաստվում է հայ թեկնածու առաջադրել՝ փորձելով ցույց տալ իրենց ուշադրությունը ազգային փոքրամասնությունների նկատմամբ եւ ավել քվեներ ստանալ: