Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսեյ Գրեմը համարում է, որ ամերիկյան մոտ 2000 զինվորականների դուրսբերումը Սիրիայից «մեծ սխալ կլինի»։

«Թեեւ արմատական իսլամին դիմակայելու հարցում Ամերիկայի համբերությունը կարող է թուլանալ, ամերիկացիներին եւ մեր դաշնակիցներին սպանելու իսլամիստների կիրքը երբեք չի թուլանում»,- ասել է նա։

Նրա խոսքերով՝ դեռեւս վաղաժամ է խոսել այն մասին, թե ԻՊ-ը պարտվել է։

ABC News-ի հետ զրույցում սենատորը հայտնել է, որ հանդիպել է պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հետ եւ կոչ է արել այդ որոշման շուրջ քննարկումներ անցկացնել։

Գրեմը միայնակ չէ իր քննադատություններում։ Երկու հանրապետականներ եւս կասկածի են ենթարկել Սպիտակ տան որոշումը։ Կոնգրեսական Ադամ Քինզինգը, մեկնաբանելով ԻՊ-ին հաղթելու մասին Թրամփի թվիթը, հայտարարել է․ «Դա պարզապես ճիշտ չէ»։

Սենատոր Մարկո Ռուբիոն ABC News-ին ասել է, թե Սիրիայից զորքերի դուրսբերումը «հսկայական սխալ է», որը կարող է անհավանական հետեւանքներ ունենալ։