Արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխական շարժումները առայժմ լոկալ ազդեցություն են թողնում համաշխարհային տնտեսական գործընթացների վրա։ Ինչպես սովորաբար պատահում է նման ցնցումների դեպքում՝ աճում են հումքի գները, անկում են ապրում արժեթղթերը։

Այսպես՝ բարձրացել է ոսկու գինը՝ մինչեւ 1396,55 դոլար/ունցիա։ Առավել հավանական է՝ ոսկու գնաճը կշարունակվի։ Զուգահեռ՝ թանկացել է արծաթը՝ 33,1 դոլար ունցիայի դիմաց։ Սա 1980 թ. հետո արծաթի ամենաբարձր գինն է։

Միջազգային արժույթների մեջ հարաբերակցությունը փոխվում է հօգուտ ճապոնական իենի՝ այն ներկա պահին համարվում է կապիտալի ամենաանվտանգ ապաստանը։ Արդյունքում՝ իենը արժեւորվում է եւ դոլարի, եւ եվրոյի նկատմամբ։ Սակայն ճապոնական իշխանությունները հազիվ թե հանդուրժեն իենի երկարատեւ արժեւորումը, քանի որ դա կհարվածի Ճապոնիայի տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող արտահանմանը։

Շատերին հուզում է այն հարցը, թե որքա՞ն կարող է այս իրավիճակը շարունակվել, արդյոք մի քանի տասնամյա ավտորիտար ռեժիմների անկումը կայունության հիմք  ստեղծո՞ւմ է։

Հիմնական պատճառներից մեկը, որ արաբական աշխարհում հանգեցրել է հեղափոխական իրավիճակների, այդ երկրների դեմոգրաֆիական պատկերն է։ 80-90-ական թվականների ծնելիության բումը հանգեցրել է նրան, որ արաբական ժողովուրդները «երիտասարդացել են»։ 21-33 տարեկանների տեսակարար կշիռը այնպիսի երկրներում, ինչպիսիք Եգիպտոսն է, Թունիսը կամ Ալժիրը, հասել է 40-50 տոկոսի։ Այդ երկրների վարչակարգերը ակնհայտորեն հաշվի չեն առել այդ դեմոգրաֆիական պայթյունի սոցիալական հետեւանքները։ Երկրի տնտեսությունը նման քանակի երիտասարդ աշխատուժի պահանջ չի կարողանում ներկայացնել, իսկ կրթական համակարգն ի վիճակի չէ կադրերի որակավորման խնդիրը լուծել։

Արդյունքում՝ արաբական աշխարհում կուտակվում է երիտասարդ մարդկանց մի հսկայական խավ, որը գործազուրկ է, կամ ցածր աշխատավարձով՝ առանց ապագայի որոշակի հեռանկարի։ Այդ «անապագա» երիտասարդությունն էլ իր մեջ հսկայական անկայունացնող ազդակներ է պարունակում:

Նկատենք, որ այս խնդիրը առկա է ոչ միայն արաբական աշխարհում։ Ռուսաստանը եւս նման դեմոգրաֆիական պայթյունի է բախվել Դաղստանում եւ հյուսիսկովկասյան մի շարք այլ հանրապետություններում, ինչը Ռուսաստանում միջէթնիկական կոնֆլիկտների ու լարվածության աճի հիմնական պատճառներից մեկն է: Սակայն Ռուսաստանը առայժմ այդ լարվածությունը չեզոքացնում է ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով:

Այս ամենը խոսում է այն մասին, որ արաբական աշխարհում հեղափոխական շարժումները չեն կարող կարճ ժամանակում լուծել աղքատության եւ անհավասարության խնդիրները։ Ավելին՝ հեղափոխական շարժումների տարածումը նավթով հարուստ երկրներ աշխարհում կարող է էներգետիկ ճգնաժամ առաջացնել։ Իսկ դա առաջին հերթին անդրադառնալու է Հայաստանի նման էներգակիրներով աղքատ երկրների վրա։ Չմոռանանք, որ Հայաստանի տնտեսությունը էապես կախված է ներմուծումներից։ Հայաստանի կառավարության ծրագրերը՝ ներմուծումը ըստ հնարավորինս փոխարինելու տեղական արտադրությամբ, առայժմ չափազանց դանդաղ են ընթանում։ Գործնականում՝ այդ ծրագրերի հաջողությունից է կախված միջազգային մարտահրավերներին դիմակայելու Հայաստանի կարողությունը։

Սամվել Ավագյան