Բրազիլիայի գլխավոր դատախազ Ռաքել Դոջը չորեքշաբթի մեղադրանք է առաջադրել երկրի նախագահ Միշել Տեմերին՝ երկրի նավահանգստային հատվածում կոռուպցիայի եւ փողերի լվացման գործի քննության շրջանակում: Այս մասին հայտնում է Globo-ն:

Խոսքը վերաբերում է կասկածներին, որ Տեմերը կարող էր փաստաթուղթ ստորագրել այս ոլորտում գործող Rodrimar SA տրանսպորտային ընկերության օգտին: Դեռեւս հոկտեմբերին հարավամերիկյան երկրի դաշնային ոստիկանությունը հայտնել էր, որ Տեմերը նավահանգստային հատվածից անմիջաբար կարող էր ստանալ ընդհանուր 5,9 մլն ռեալ (մոտ 1,5 մլն դոլար):

Գումարն իբր վճարվել է 2000-2014 թվականներին: Ոստիկանությունը նաեւ կարծում է, որ Տեմերն այս ժամանակահատվածում իր քաղաքական գործունեության համար նավահանգստային ոլորտի ձեռնարկություններից կարող էր ստանալ եւս 17 մլն ռեալ (մոտ 4,3 մլն դոլար):

2018-ի սկզբին իրավապահ մարմինները պետության ղեկավարի եւ Rodrimar SA ընկերության կապերի քննություն էին սկսել: Տեմերին նաեւ կասկածում են Odebrecht շինարարական ընկերությունից կաշառք ստանալու մեջ:

Բացի Տեմերից, դատախազությունը մեղադրանքներ է ներկայացրել եւս 5 մարդու: Գերատեսչությունը պնդում է, որ նրանք պետք է փոխհատուցեն 32,6 մլն ռեալի (8,3 մլն դոլարի) վնասը: