Աշխարհում շատ երկրների սպառնում է իսլամական ահաբեկչության երկրորդ ալիքը: Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքն այս մասին հայտարարել է Փարիզում: Նման վիճակը «կարելի է անվանել «Իսլամական պետություն» տարբերակ 2.0», հավելել է նա, փոխանցում է DW-ն: 

Ահաբեկիչների հանցակիցները համեմատաբար ոչ մեծ բանտային պատիժներ են կրում, քանի որ նրանց դեմ մեղադրական դատավճիռներ են կայացրել առանց կապելու կոնկրետ հանցագործության հետ, շեշտել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով՝ ահաբեկչության նախկին կողմնակիցների սերունդը «մի քանի տարի հետո կազատվի»: Եթե ջիհադական խմբավորումը աշխարհագրական իմաստով պարտվեր, նրա կողմնակիցները կփորձեին տեղափոխվել աշխարհի այլ տարածաշրջաններ, օրինակ՝ Հարավ-Արեւելյան Ասիա կամ Աֆրիկա, կարծում է Շթոքը:

Ինչպես նախկինում, բանտերը զգալի դեր ունեն արմատական գաղափարախոսության ձեւավորման գործում, շեշտել է փորձագետը: Ինտերպոլի գլխավոր քարտուղարը որպես օրինակ բերել է Ստրասբուրգում ծննդյան տոնավաճառի վրա դեկտեմբերյան զինված հարձակումը: