Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել 6-րդ գումարման Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը, որին ներկա են եղել կառավարության ներկայացուցիչները՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանը քննարկել և երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Այնուհետև խորհրդարանը վերսկսել է «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» օրենքի քննարկումները: Ներկայացնելով նախագիծը՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշել է, որ ԱԺ խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից բյուջեի քննարկման առաջին փուլում ԱՀ Նախագահին գրավոր ուղարկվել է 97, երկրորդ փուլում՝ 16 առաջարկ: Նախարարը ներկայացրել է այն ոլորտները, որոնցում առաջարկությունների ընդունման արդյունքում եղել է բյուջետային փոփոխություն:
Այսպիսով՝ պետական բյուջեի եկամուտները 2019թ-ին կկազմեն 112մլրդ 547մլն դրամ, ծախսերը` 111մլրդ 410 մլն դրամ, պրոֆիցիտը՝ 1մլրդ 136մլն դրամ: Ֆինանսների նախարարին առաջադրված հարցերից հետո պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ դիրքորոշում են ներկայացրել ԱԺ խմբակցությունները:
Հանրապետության նախագահը ևս անդրադարձել է երկրի բնականոն զարգացման համար բյուջեում ներկայացված ծրագրերին և հույս հայտնել, որ դրանք գալիք տարում հաջողությամբ կյանքի կկոչվեն:
Անցնելով քվեարկության՝ 26 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը հավանություն է տվել 2019թ. պետական բյուջեի մասին օրենքին:
Քննարկվել և երկրորդ ընթերցմամբ ընդունվել են Պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի ներկայացրած՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ներկայացրած՝ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը, Գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի ներկայացրած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:
Հաջորդիվ խորհրդարանը լսել է պատգամավորներ Ռիտա Մնացականյանի և Ռամելա Դադայանի հեղինակած՝ «ԼՂՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որի նպատակը տոների անվանումներում խմբագրական փոփոխություններ կատարելն ու մի շարք միջազգային, ավանդական, եկեղեցական, մասնագիտական տոներն օրենսդրորեն կարգավորելն է: Քննարկումից և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո օրենքն ընդունվել է:
«Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանին է ներկայացրել պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը:
Նախագծով առաջարկվել է ընդերքօգտագործողի նկատմամբ կիրառվող երաշխիքը սահմանափակել 3 տարով: Քննարկումից հետո նախագիծը 18 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է:
Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, ներկայացնելով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, նշել է, որ առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում՝ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ պայմանավորված, 1974թ-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց աշխատանքային ստաժում կհաշվառվեն մինչև 2019թ-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածները: Գլխադասային՝ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ խորհրդարանն ընդունել է օրենքը:
«Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը ԱԺ քննարկմանն է ներկայացրել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Նախագծի նպատակը այն ԱՀ Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելն է: Խորհրդարանը քննարկել և ընդունել է օրենքը:





























