ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շինծու կեցվածք է անվանել ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգերկի հրաժարականի հայտարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի Twitter-յան գրառումը:

«Բրեթ Մաքգերկը, ում ես չեմ ճանաչում, նշանակվել էր 2015 թվականին նախագահ (Բարաք) Օբամայի կողմից: Նա պետք է հեռանար փետրվարին, բայց հրաժարական է տվել դրանից անմիջապես առաջ: Շինծու կեցվածք ընդունող մա՞րդ»,- նշել է Թրամփն իր միկրոբլոգում:

Թրամփը նշել է, որ «ֆեյք նորությունները ուռճացնելով ոչ մի բանից ահռելի իրադարձություն են սարքել»:

Ավելի վաղ CBS-ը, իր աղբյուրներին վկայակոչելով, հայտնել էր, որ Բրեթ Մաքգերկը հրաժարական է ներկայացրել Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման հետ անհամաձայնության պատճառով: Մաքգերկը հրաժարականը ներկայացրել էր ուրբաթ, Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի պաշտոնից հեռանալուց հետո ընդամենը մեկ օր անց:

Սպիտակ տունը դեկտեմբերի 18-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն սկսել է Սիրիայից զորքերը դուրս բերել, սակայն ԻՊ-ի դեմ հաղթանակը չի նշանակում կոալիցիայի գոյության դադարեցում: