Հուլիսի 2-ին «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալ, ԱԺ պատգամավոր ընտրված Էդուարդ Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի, քանի որ հանցանքի պահին նա անձեռնմխելի չի եղել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը մեղադրվում է «Օլիմպավանում» 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Նա օգոստոսի 21–ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից։
Իսկ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ ԲՀԿ-ի վարկանշային ցուցակով Էդուարդ Բաբայանը պատգամավոր է ընտրվել՝ ստանալով 7472 ձայն:
Նշենք, որ Էդուարդ Բաբայանի նկատմամբ անձեռնմխելիության դրույթն արդեն իսկ տարածվել է թեկնածու եղած ժամանակահատվածում՝ մինչև պատգամավորի լիազորությունները ստանձնելը. նա անձեռնմխելի կլինի նաև պատգամավորական մանդատը ստանալուց հետո։
Նշենք, որ ընտրական օրենսգրքի համաձայն՝ պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Սակայն այս դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նշված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա:
ՀՀ սահմանադրության համաձայն էլ՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:
NEWS.am–ի հետ զրույցում Էդուարդ Բաբայանի պաշտպան Արմեն Մելքոնյանը նշեց, որ իր պաշտպանյալն ինչպես նախկինում, այսօր էլ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Մելքոնյանի խոսքով՝ գրավի դմաց ազատ արձակելուց հետո իր պաշտպանյալի մասնակցությամբ որևէ նոր քննչական գործողություն տեղի չի ունեցել։
Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի կոտրվածքով ու այլ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովը։ Միջադեպը տեղի էր ունեցել «Օլիմպավանում», որտեղ տուժողը դժգոհել էր, որ իր որդուն՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնին, չեն ազատում բանակից։ Վեճ է ծագել, որի արդյունքում Հարությունովը ծեծի է ենթարկվել և ծանր մարմնական վնասվածքներ ստացել։ Նա հետաքննիչին ցուցմունք է տվել, որ իրեն ծեծել են Ծառուկյանի թիկնապահն ու մյուսները, սակայն ժամեր անց հրաժարվել է իր ցուցմունքներից՝ասելով, որ սայթաքելու ընթացքում է վնասվածքներ ստացել և, որ դեղերի ազդեցության տակ սխալ ցուցմունք է տվել։




























