Մշակույթի նախարարությունը հսկայական աշխատանք է անում. այն, որ ղեկավարների ցանկություններն ու նպատակները չեն համընկել մշակույթի նախարարության մշակած քաղաքականության հետ, դա չի նշանակում, որ մշակույթի նախարարություն մեզ պետք չի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը:
Նրա խոսքով, մշակութային քաղաքականության առանցքը պետք է լինի մշակույթի պահպանությունը, ուսումնասիրումը, հետազոտումը, սերունդներին փոխանցումը, հանրահռչակումը եւ եւ դրա հենքի վրա նոր ստեղծագործական ներուժի բացահայտումն ու նպաստավոր պայմանների ստեղծումը:
«Իհարկե, ժամանակակից արվեստի շատ ներկայացուցիչների մեծ մասը դժգոհ պետք է լինի մշակույթի նախարարությունից, որովհետեւ ասում են՝ թույլ տվեք պատկերասրահում ցուցահանդես կազմակերպենք Բաշինջաղյանի, Սուրենյանցի կողքին: Դա չէ մեր մշակույթի նախարարության առաքելությունը: Մշակութային քաղաքականության խնդիրը մշակութային ժառանգության պահպանումն է»:
Երանուհի Մարգարյանը նշեց, որ քաղաքական ղեկավարների որոշումների, ձախողումների արդյունքում է, որ ունենք այս պատկերը:
Անդրադառնալով նախարարությունների թիվը 17-ից 12 դարձնելու խխնդրին, որի հետեւանքով Մշակույթի նախարարությունը որպես առանձին նախարարություն, վերանում է, նա նշեց, որ իրենց ներկայացված օրենքի նախագծում չկա որեւէ հիմնավորում, թե ինչու պետք է Մշակույթի նախարարությունը միավորվի այլ նախարարությունների, մինչդեռ պետք է առնվազն թվարկեին դրական ու բացասական հետեւանքները այս նախաձեռնության:
«Մենք պատրաստվում ենք մեր հիմնավորումները պաշտոնապես ներկայացնել Արդարադատության նախարարություն ներկայացված նախագծի վերաբերյալ: Մշակութային ժառանգությունն այս օրինագծով աղճատվում է»,-ասաց նա՝ հավելելով, որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը եւս ասել է, որ ինքն էլ կողմ չէ, որ մշակույթի նախարարությունը միացվի որեւէ այլ գերատեսչության: Մակունցը վստահեցրեց, որ որեւէ մեկը չի կրճատվելու:
«Եթե, ինչպես խոստանում են, կրճատումներ չեն լինելու, մենք մի քանի փոխնախարարների կրճատելով ի՞նչ հարց ենք լուծում, փոխարենը 30 պատգամավոր ավելացնում ենք: Հիմա ինչի հաշվին ինչ ենք անում»,-ասաց նՄշակույթի նախարարության աշխատակիցը:




























