Այն երկրներում, որտեղ կա հարուստ մշակութային ժառանգություն՝ Իտալիա, Հունաստան, Բալկանյան երկրներ, կան մշակույթի նախարարություններ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը՝ հավելելով, որ այո, այդ երկրներում կա ընդամենը 10 նախարարություն, բայց դրանցից մեկը Մշակույթի նախարարությունն է:
Նրա խոսքով, նախարարությունների մեխանիկական միավորումը բերելու է ղեկավար անձանց կրկնակի, եռակի, քառակի ծանրաբեռնվածության, եւ եթե այսօր որեւէ գրություն ղեկավարին հասնում էր 2 օրից, հիմա հասնելու է 10 օրից:
Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե թող մշակույթի նախարարության աշխատակիցները 5 ամիս գործադուլ անե, տեսնենք ինչ է փոխվելու մշակույթի կյանքում, Անտինյանն ասաց. «Մշակույթի նախարարությունում կա մշակութային արժեքների պաշտպանության գործակալություն: Սա ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնֆենցիայի հիման վրա Հայաստանի ստանձնած պարտավորության հիման վրա ստեղծված ազգային ծառայություն է, որը պատասխանատու է մշակութային արժեքների ապօրինի արտահանումը կանխելու համար: Այն ամենօրյա ռեժիմով սպասարկում է տասնյակ քաղաքացիների, որոնք իրենց ունեցած մշակութային արժեքներն են արտահանում:
Այդ նույն ստորաբաժանումը պատասխանատու է միջազգային ցուցահանդեսների համար: Եթե այդ ստորաբաժանումը մի քանի օր չաշխատի Հայաստանից մեկնող ոչ մի համերգային խումբ իր գործիքներով չի կարող դուրս գալ հայաստանից, որովհետեւ այդ գործընթացը եւս կարգավորում է այդ ստորաբաժանումը: Դրա համար կուզենայի, որ այն ինֆորմացիան, որ տրամադրվել է վարչապետին, այդ տրամադրողներն ավելի կոմպետենտ լինեին»:
Նա նշեց, որ կոնվենցիայի պահանջն է, որ պետության կառուցվածքում լինի առանձին ճյուղային գերատեսչություն. «Եթե դա լինի մեկ այլ նախարարության կազմում, դա չի հանդիսանա առանձին ճյուղային նախարարություն, որը կարող է մշակել եւ իրականացնել պետության քաղաքականությունը ոլորտում: Կոնվենցիայի խախտումը ենթադրում է, որ այդ կառույցում այդ երկիրը հեղինակազրկվում է: Դա նաեւ նշանակում է, որ մշակութային ժառանգությունը կարող է ապօրինի դուրս գալ երկրից»:





























