Պահեստամասերի անբավարարությունը նվազեցնում է վերելակների շահագործման ժամկետները: Դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԻՆ առընթեր Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների եւ ճոպանուղիների տեխանվտանգության փորձագիտական բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ բնակելի շենքերում վերելակների շահագործման միջին ժամկետը կազմում է 25 տարի, սակայն պահեստամասերի մաշվածությունը, դրանց անբավարարությունը հանգեցնում են շահագործման ժամկետների նվազման: «Դրա պատճառով բնակելի շենքերում վերանորոգման աշխատանքներն ավելի հազվադեպ են կատարվում, քան նախատեսված են տեխնիկական պահանջներով, մեծանում է նաեւ մաշվելու արագությունը»,- նշեց Լուսինե Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ Երեւնաի 4642 վերելակներից ստուգում են անցել 2938-ը, 62-ը բացասական եզրակացություն են ստացել, եւս 500-ը ստուգում կանցնեն մինչեւ տարեվերջ: «Վերելակների ստուգման եզրակացությունների արդյունքների մասին բոլոր տվյալները կարելի է գտնել Հայաստանի ԱԻՆ կայքում»,- շեշտեց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով մարզերում տեղակայված վերելակներին՝ նա հայտարարեց, որ դրանց թիվը կազմում է 5645, որոնց գերակշիռ մեծամասնությունը չի շահագործվում:
Լուսինե Հովհաննիսյանի պարզաբանմամբ՝ բացասական եզրակացություն ստացած վերելակները լրացուցիչ ստուգումներից հետո եւ շահագործելիս տեխնածին վտանգավորության բացակայության դեպքում ժամանակի ընթացքում կարող են դրական եզրակացություն ստանալ:
Նա նշեց, որ մեկ բնակելի շենքում հին վերելակը նորով փոխարինելու համար պահանջվում է նվազագույնը 18-20 հազար դոլար:





























